Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Մալաթիան և իր բնակիչները

Հայ ժողովուրդն իր պատմության վաղ ժամանակներում կենտրոնացած է եղել երեք պետական միավորման մեջ։ Դրանցից երկուսը՝ Մեծ Հայքն ու Ծոփքը շատ շուտով կազմել են մի ամբողջություն, որ պատմության մեջ հայտնի է Հայաստան, Պատմական Հայաստան անունով, իսկ երրորդ պետական միավորումը՝ Փոքր Հայքը վարչական քաղաքական առումով Պատմական Հայաստանին երբեք միացած չի եղել, բայց հնագույն ժամանակներից ի վեր հայաբնակ երկիր էր և մինչև առաջին համաշխարհային պատերազմը՝ Եփրատից արևմուտք փռված այդ երկրամասի բնակչության հիմնական զանգվածները կազմում էին հայերը։ Փոքր Հայքը և՛ սոցիալական, և՛ քաղաքական ու մշակութային առումներով կարևոր դեր է խաղացել մեր ժողովրդի երկարաձիգ պատմության ընթացքում։ Այն ունեցել է տասնյակ քաղաքներ։ Դրանցից հայտնի են հատկապես երկուսը՝ Մալաթիան և Սեբաստիան, որ տնտեսական, մշակութային և վարչաքաղաքական առումով զգալի դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում։

Մալաթիան, որ օտար աղբյուրներում ավելի հայտնի էր Մելիտինե անունով, գտնվում է Եփրատի աջ կողմում, գետից մոտ 10 կմ հեռավորության վրա, լեռներով շրջապատված հարթավայրում, ծովի մակերևույթից մոտ 940 մ բարձրության վրա, Խարբերդ քաղաքից հարավ-արևմուտք։ Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7—8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսկի-Շեհիր կամ Էսկի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է. նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։

Մալաթիայի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին գործել է մինչեւ 1915-ը, որից հետո մինչեւ 1940-ը եղել է զինվորական պահեստ


Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Մալաթիայի մասին վկայություններ ունեն անտիկ հեղինակները (Ստրաբոն, Տակիտոս), հայկական, վրացական, արաբական, բյուզանդական, թուրքական աղբյուրները (Մովսես Խորենացի, Սեբեոս, Հովհաննես Դրասխանակերտցի, Վախուշտի, Յակուտ, Բալաձորի, Հովհ. Սկիլիցես, Քյաթիբ Չելեբի և այլք)։ Արաբական հեղինակ Յակուտի ասելով Մալաթիան «Ալեքսանդր Մակեդոնացու կառուցած քաղաքներից է»։ Մինչդեռ այն գոյություն ուներ անհամեմատ ավելի վաղ ժամանակներից և Ալեքսանդրի ժամանակներում (IV դ. մ. թ. ա.) ապրում էր զարգացման նոր շրջան։

Մալաթիայի զարգացմանը նպաստել են նրա աշխարհագրական հարմար դիրքն ու պատմական տարբեր ժամանակներում գրեթե միշտ վարչական կենտրոն լինելը։ Այն գտնվում էր Պարսկաստանի մայրաքաղաք Սուզան Միջերկրական ծովի հետ միացնող հնագույն ճանապարհի «արքայական պողոտայի» վրա։ Հետագա ժամանակներում նույնպես քաղաքով անցնում էին քարավանային ուղիներ։ XIX դ. 70-ական թվականներին խճապատվել է Խարբերդ—Մալաթիա ճանպարհը:

Նեմրութ սարը հայտնի է հայերի հեթանոսական շրջանին դասվող աստվածների հսկայական արձաններով


Մինչև Փոքր Հայքի անկախ պետություն հռչակվելը (մ. թ. ա. III դ. վերջերը), Մալաթիան նրա երկրամասերից մեկի կենտրոնն էր, որպիսին մնաց նաև հետագայում՝ մինչև Թեոդոսիոս կայսեր ժամանակները (IV դ. վերջեր), երբ Փոքր Հայքը մասնատվեց երկու պրովինցիայի՝ Առաջին Հայքի՝ Սեբաստիա կենտրոնով, և Երկրորդ Հայքի՝ Մալաթիա (Մելիտինե) կենտրոնով։ Հուստինիանոս կայսեր օրոք (527 — 565թթ.), երբ Արևմտյան Հայաստանն ու Փոքր Հայքը ենթարկվեցին վարչական նոր բաժանման, նրա նախկին Երկրորդ Հայքը (որի տարածքը բավական ընդարձակվեց պատմական Կապադովկիայի հաշվին) կոչվեց Երրորդ Հայք, դարձյալ կենտրոն ունենալով Մալաթիան։

Թուրքական տիրապետության շրջանում Մալաթիան իր շրջակայքով նախ մտնում էր պատմական Փոքր Հայքի ու Չորրորդ Հայքն ընդգրկող Սեբաստիայի նահանգի (վիլայեթ) մեջ, իսկ երբ վերջինս մասնատվեց երկու նահանգի, այն դարձավ համանուն Մալաթիա նահանգի կենտրոնը, որ ընդգրկում էր նախկին Սեբաստիա նահանգի հարավարևելյան մասը։ XIX դարում Մալաթիան սոսկ գավառի (սանջակ) կենտրոն էր և մտնում էր նախ Մարաշի, իսկ նույն դարի 70-ական թվականներից՝ Խարբերդի նահանգի մեջ։ Նրա վարչական վիճակը փոփոխության է ենթարկվել նաև վերջին տարիներին տեղի ունեցած վերափոխությունների հետևանքով։

Նեմրութ լեռ

 

Ելևէջներով հարուստ քաղաքական պատմություն է ունեցել Մալաթիան։ Հնագույն շրջանում գտնվելով Ուրարտուի և Ասորեստանի, հետագայում՝ Հռոմի ու Պարսկաստանի, ապա Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության սահմանագլխին, Մալաթիան բազմիցս դարձել է ռազմական բախումների ոլորտ` ենթարկվելով ավերումների և զրկվելով խոշոր քաղաքի վերածվելու հնարավորությունից։ Հիշատակության արժանի է մանավանդ այստեղ 577 թ, տեղի ունեցած ճակատամարտը, երբ պարսից Խոսրով թագավորը պարտություն կրեց բյուզանդական զորքերից։ Մալաթիան սելջուկ թուրքերի կողմից գրավվել է Մանազկերտի ճակատամարտից հետո (1071թ.), Մելիքշահի օրոք (1072—1092)։ XV դ. վերջերին Մալաթիան ընկնում է օսմանյան թուրքերի տիրապետության տակ։

Ըստ որոշ, ոչ լրիվ արժանահավատ աղբյուրների Մալաթիան X դարում ունեցել է շուրջ 60 հազար բնակիչ։ 1915 թվականի սկզբներին նրա բնակչության թիվը հասնում էր շուրջ 40 հազար մարդու, որից մոտավորապես 20 հազարը կազմում էին հայերը։ Ընդ որում, մինչև XII—XIII դարերը Մալաթիայի բնակչության հիմնական զանգվածները կազմում էին հայերը, այն գրեթե միատարր հայկական քաղաք էր, որտեղ որոշ թիվ էին կազմում նաև հույները։ Հետագայում այստեղ աստիճանաբար բնակություն են հաստատում թուրքերը։ Մալաթիայում հայերի զանգվածային կոտորածները տեղի են ունեցել 1895-ին։ Չնայած հայերը թուրքական ավազակաբարո զորքին ցույց են տվել հերոսական դիմադրություն, սակայն այդ հարձակման ժամանակ քաղաքում թուրքական յաթաղանին զոհ է գնացել մոտավորապես 7500 մարդ, մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերունիներ։ Նրա հայ բնակչությունն ավելի զանգվածային բնաջնջման է ենթարկվել երիտթուրքերի կողմից մեծ եղեռնի ժամանակ, 1915 թվականին։ Իսկ կենդանի մնացածները տեղահանվել են և տարագրվել զանազան կողմեր։ Մալաթիայի տարագրվածների մի բավական մեծ խումբ էլ եկել ու բնակություն է հաստատել Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանի ծայրամասում, այստեղ հանրապետության ղեկավար մարմինների հոգացողությամբ ստեղծելով իր նոր ավանը՝ նոր Մալաթիան, որը տասնամյակներ առաջ ձուլվել է բուն քաղաքի հետ, կազմելով նրա բարետես ու ակնահաճո թաղամասերից մեկը։

Մալաթիան ունեցել է տնտեսական բավական աշխույժ կյանք։ Նրա բնակչությունն զբաղվել է զանազան արհեստներով, առանձնապես մանածագործությամբ ու ջուլհակությամբ։

Մալաթիան առևտրի կարևոր կենտրոն էր։ Նրա առևտրական գործարքների շրջանակները բավական լայն էին. քաղաքը կապված էր Խարբերդի, Արաբկիրի և այլ մեծ ու փոքր կենտրոնների հետ։ Նրա վաճառականներն ու առևտրականները առևտուր էին կատարում հատկապես հաշիշով։ Բնակչության մյուս զբաղմունքների մեջ կարևոր էին շերամապահությունը, երկրագործությունը, այգեգործությունը և, մասամբ, անասնապահությունը։

Վանք գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համարվում է  5-րդ դարի կառույց:


Մալաթիան իր բնույթով գավառական տիպի քաղաք է եղել և խիստ հատակագծման չի ենթարկվել։ Սակայն իր ընդհանուր համայնապատկերով գեղատեսիլ էր և ամբողջապես թաղված էր այգիների մեջ, իսկ շրջակայքում փռված են ընդարձակ ծառաստաններ ու փարթամ պարտեզներ։ Քաղաքն ուներ գեղակերտ տաճարներ, վարչական խոշոր շենքեր, առևտրական լայն հրապարակ, որի շուրջը շարքերով զետեղված էին տասնյակ խանութներ, կրպակներ ու արհեստանոցներ։ Եկեղեցիների թիվը XX դ. սկզբներին հասնում էր 5-ի, որոնցից 3-ը՝ հայկական։ Դրանցից զատ կային փայտաշեն մի քանի ժամատներ, իսկ քաղաքից դուրս, այգիների մեջ էր գտնվում Մալաթիայի գավառի եպիսկոպոսանիստ ս. Լուսավորիչ վանքը։ Քաղաքի մզկիթներից շատ թե քիչ հայտնի էին երկուսը, որոնցից մեկի կառուցումը ավանդաբար վերագրում են VIII դարին, իսկ մյուսը կերտվել է IX դարի երկրորդ կեսում։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Մալաթիայում գործում էին հայկական երեք ուսումնարան։ Նրա հին կառույցներից պահպանվել են պաշտպանական պարսպի ու դրա բուրգերի միայն չնչին մնացորդները, հոգևոր ու աշխարհիկ մի քանի շենքերի ու բնակելի տների ավերակներ, որոնց միջև ցրված են տակավին վաղեմի քաղաքի տարածքում ապրող սակավաթիվ բնակիչների անշուք տները։ Մինչև 1915-ի մեծ եղեռնը Մալաթիայի շրջակայքում կային մինչև 10-ի հասնող հայկական գյուղեր՝ Զրմխտի, Կերկեր, Մշովկա և այլն, որոնք նույնպես հիմնահատակ ավերվեցին առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույն բախտին են արժանացել նաև այդ մասերում գտնվող ուխտավայրերը՝ ս. Վարդանը, ս. Ստեփանոսը, ս. Գրիգոր Լուսավորիչը, ս. Հովհաննեսը և մյուսները, որոնց միայն հետքերն են նշմարվում։

Թադևոս Հակոբյան

armenianhouse.org


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7