Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Արաբկիր և արաբկիրցիներ

Հիշատակվում է նաև Արաբկեր ձևով։ Անունը հավանաբար կապված է հնագույն Արաբրակնուա քաղաքի անվան հետ, որի մոտ էլ կառուցվել է այն։ Քաղաքը տիրել են նաև արաբները, ոմանք նրա անունը կապում են թուրքերեն «արաբ» և «գեր» («գիր») բառերի հետ, որ նշանակում է արաբ մտած, կամ արաբ մտիր։ Հայկական ժողովրդական ստուգաբանությամբ Արաբկիր նշանակում է` առ ափին գետի։ Հույները կոչել են Արապրասեչ։ Աղբյուրներում տարբեր ժամանակներում համարվում է ամրոց, գյուղաքաղաք, քաղաք-ամրոց, բերդաքաղաք, քաղաք։

Գտնվում է Եփրատ գետի աջ կողմում, գետափից 14—15 կմ արևմուտք, Ակն և Խարբերդ քաղաքների միջև, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս։ Քաղաքը փռված է Անտիտավրոսյան լեռնաշղթայի ստորոտում, Ոսկեգետ (Արաբկիր, Բուլանիկ) գետի ակունքում, սարավանդի վրա։ Դիրքը բարձր ու գեղատեսիլ է։ Շրջակայքում տարածվում են արգավանդ դաշտեր։ Ունի առողջարար օդ։ Ջրառատ է, բայց խմելու ջուրը սակավ է։ Ձմեռը տևում է նոյեմբերից մինչև ապրիլի սկզբները։ Ամառը շոգ է ու չոր։ Հայտնի է իր մրգերով, հատկապես խաղողով։ Արաբկիրի մոտակայքում կան արծաթի հանքեր։

Արաբկիրը հնում մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ` ըստ Հուստինիանոսի վարչական բաժանման (VI դ.) Երրորդ Հայքի մեջ։ Նոր ժամանակներում այն Սեբաստիայի (նաև Խարբերդի) նահանգի Արաբկիր գավառի կենտրոնն էր։ Իսկ Արաբկիր գավառը հիշատակում է նաև թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին։ Արաբկիրի հիմնադրումը, համենայն դեպս նրա վերակառուցումը, մեզ հասած վիճակում, վերագրվում է Վասպուրականի Արծրունի վերջին թագավոր Սենեքերիմին, որը 1021 կամ 1022 թվականին իր թագավորությունը Բյուզանդիային տալու դիմաց Սեբաստիայի հետ միասին ստացել էր նաև Արաբկիրի շրջանը։ Հետագայում, դարեր շարունակ, Արաբկիրը նշանակալի առաջադիմություն չի ունեցել։ Այն թուրքական տիրապետության տակ է անցել XV դարում, շարունակ մնալով իբրև խղճուկ մի գյուղաքաղաք։

Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների նման հակասական են նաև Արաբկիրի բնակչության քանակի մասին մեզ հասած վիճակագրական տվյալները։ Համեմատաբար արժանահավատ կարելի է համարել ոչ թե թուրքական պաշտոնական, այլ անկողմնակալ հեղինակների ու պարբերական մամուլի հաղորդած տեղեկությունները, ըստ որոնց Արաբկիրը 1800—1830-ական թվականներին ուներ մոտ 15 հազար բնակիչ, որից 12 հազարը՝ հայեր, 1830 —1850 թվականներին նրա բնակչության ընդհանուր քանակը մնացել էր գրեթե նույնը, բայց հայերի թիվը իջել էր մինչև 9 հազար մարդու։ 1915 թվականի եղեռնից առաջ քաղաքի բնակչության թիվը հասնում էր մոտ 20 հազար մարդու, որից 10 հազարը հայեր էին։ Արևմտյան Հայաստանի մյուս հարյուրավոր բնակավայրերի հայության հետ միասին Արաբկիրի հայերը ևս երկու անգամ 1895—96 և 1915 թթ. թուրքական ջարդարարների կողմից ենթարկվել են տեղահանման ու բնաջնջման, իսկ քաղաքի շատ թաղեր հիմնովին ավերվել։ Տարագրված արաբկիրցիներից 800 հոգի 1922-ին նորից են վերադառնում և բնակություն հաստատում իրենց հարազատ քաղաքում, բայց, չդիմանալով քեմալականների բռնություններին, հեռանում են իրենց տունուտեղից և գաղթում Սովետական Հայաստան։ ՀՍՍՀ ներգաղթած արաբկիրցիները 1925 թ, նոյեմբերի 29-ին Հայաստանում սովետական կարգերի հաստատման օրը, հանդիսավոր պայմաններում Երևանի մոտ հիմնադրել են Նոր Արաբկիր ավանը, որը 1929 թ. ուներ 1000 բնակիչ, իսկ 30 տարի հետո՝ 60000։ Նոր Արաբկիրը տասնամյակներ առաջ ձուլվել է մայրաքաղաք Երևանի հետ՝ կազմելով նրա մի թաղամասը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման տարում` 1945 թվականին, Արաբկիրն ուներ 6684 բնակիչ, որից մոտ 600–ը՝ հայ։ Սակայն 1946 թվականից հետո այդտեղ մնացած հայերի մեծ մասը գաղթեց Սիրիա, Կ. Պոլիս, Մալաթիա և քաղաքում մնաց մոտ 200 հայ բնակիչ։

XIX — XX դարերում Արաբկիրն առաջին հերթին հայտնի էր իր կտավագործությամբ։ XIX դարի կեսին այստեղ գործում էին 15 ջուլհակային, 9 մանածագործական և սփռոցի արտադրության 18 ձեռնարկություններ։ Ինչպես կարելի է եզրակացնել իրազեկ հեղինակների վկայություններից, Արաբկիրի գործվածքները բարձր որակի էին և կարող էին մրցել Մերձավոր արևելքի ցանկացած քաղաքի գործվածքեղենի հետ։ Գ. Սրվանձտյանը վկայում է, որ այդ ժամանակների Արաբկիրում առանձնապես հայտնի էր Պողոս էֆենդի Տեր-Պետրոսյանի ձեռնարկությունը, որի գործվածքներն իրենց որակով համազոր էին Հալեպի և նշանավոր այլ քաղաքների գործվածքներին։

Ջուլհակությունից և մանածագործությունից բացի, որոնք ամենաառաջնակարգն էին քաղաքի արհեստների շարքում, տարածված էին նաև ոսկերչությունը, մետաղագործությունը, պղնձագործությունը, օճառագործությունը, զինագործությունը։ Արաբկիրի առևտուրը բավական աշխույժ էր։ Նա ուներ իր շուկան տասնյակ խանութներով ու կրպակներով։ Հնում այստեղով էին անցնում Զիմարա—Մալաթիա, իսկ նոր ժամանակներում Ակն — Մալաթիա ճանապարհները։ Քաղաքն արտահանում էր գործվածքներ (գլխավորապես սավաններ և սփռոցներ), մետաքս, ինչպես և մրգեր։

Բնակիչների զգալի մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ` բամբակի, հացահատիկների, պտղատու այգիների մշակությամբ, շերամապահությամբ։

Տնտեսական վատթար պայմանների և թուրքական իշխանությունների ծանր հարկային քաղաքականության հետևանքով Արաբկիրում նույնպես տարածված էր պանդխտությունը, մի կտոր հաց վաստակելու համար շատ արաբկիրցիներ հարկադրված էին թողնել իրենց տունուտեղը և աշխատանք փնտրել զանազան քաղաքներում։ Ընդորում պանդխտում էին գրեթե միայն հայերը՝ հայ արհեստավորներն ու սևագործները։

Արաբկիրը կառուցված է ամֆիթատրոնի ձևով։ Լեռնալանջի վրա շարքերով ձգվում են նրա հարյուրավոր տները, որոնք քարակերտ են, 2— 3 հարկանի, տափակ կտուրներով, շրջապատված պարտեզներով։ Նրա հիշատակության արժանի հուշարձաններն ու հնությունները սահմանափակվում են հին բերդի ավերակներով, եկեղեցիներով և մի քանի մզկիթներով։ Բերդը, ինչպես ասվեց, հավանաբար կառուցվել էր XI դարի առաջին կեսին այստեղ տեղափոխված Վասպուրականի Արծրունի իշխանների կողմից։ Նրա ավերակները՝ պարիսպների և մյուս կառույցների մնացորդները, պահպանվել էին մինչև մեր օրերը։ Քաղաքի եկեղեցիները XIX դարում և ХХ-ի սկզբում թվով 7 էին, որոնցից 4-ը լուսավորչական էին, 2-ը՝ բողոքական, իսկ մեկը՝ կաթոլիկական։ Լուսավորչական եկեղեցիները կոչվում էին ս. Աստվածածին, որը Արաբկիրի գլխավոր եկեղեցին էր, ս. Հակոբ, ս. Գևորգ, ս. Լուսավորիչ։ Դրանցից բացի, քաղաքն ուներ մի ամբողջ շարք ուխտավայրեր` ս. Սարգիս, ս. Գևորգ, ս. Թագուհի, Կաթնաղբյուր, Ծակքար և այլն։ Արաբկիրի շրջակայքում նկատվում են զանազան հնությունների և բնակավայրերի հետքեր։

XIX և XX դդ. Արաբկիրն ուներ բավական աշխույժ մշակութային կյանք։ Հայերն այստեղ ունեին 13 դպրոց՝ Մայր վարժարան, ս. Թարգմանչաց, Զարուհյան և այլն, որոնց աշակերտների ընդհանուր թիվը հասնում էր 1000-ի, կաթոլիկ հայերն ունեին մեկ վարժարան՝ ս. Փրկիչ կոչված իրենց եկեղեցուն կից, իսկ երկու վարժարան ունեին բողոքական հայերը, որոնք նույնպես գործում էին եկեղեցիներին կից: Արաբկիրն ուներ իր առաջնորդարանը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում և որի իրավասությանն էին ենթակա լուսավորչական եկեղեցիներին կից գործող վարժարանները։

Արաբկիրը հայ գրչության կենտրոններից է։ Այստեղ XV— XVII դարերում գրվել են մի քանի ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի են 1446 թ. ընդօրինակված մի Ճաշոց և Խաչատուր քահանայի 1640 թ. գրած Մաշտոցը։

Տարագիր արաբկիրցիները ԱՄն-ում, Բրիջուսթըր քաղաքում հիմնել են «Ուսումնասիրաց ընկերություն Արաբկիրի» միությունը, որն իր մասնաճյուղերն ունի ԱՄՆ–ի մոտ 20 քաղաքներում։ 1925 թ. հրատարակվում է Միության «Նոր Արաբկիր» անունով պաշտոնական թերթը։

Արաբկիրում են ծնվել բառարանագիր Թադևոս Աստվածատրյանը (1831 —1900), բանասեր, թարգմանիև Դավիթ Բեկը (ծնված 1870թ.), սովետահայ ականավոր բանաստեղծ Վահագն Դավթյանը (1922թ.) և հայ մշակութային այլ գործիչներ։

Թադևոս Հակոբյան

armenianhouse.org


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7