Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հայկական խոհանոց

Հյուրընկալության սովորույթը հայերի մոտ

Հյուրընկալության սովորույթը տվյալ մշակույթը կրողների և տարբեր էթնիկ պատկանելության մարդկանց խմբերի փոխադարձ առնչությունները կարգավորող համակարգն է, ուր կարևոր են հյուրի ընդունումը, ուշադրության նշանները, հյուրի տեղը տանը, սեղանի մոտ։ Ըստ ավանդութային իրավունքի նորմերի՝ հյուրընկալները պարտավոր էին հյուրին դիմավորել, ողջունել, տեղավորել, հանգիստը և ուտեստը ապահովելուց հետո ճանապարհ դնել։

Հատկանշական է «Հյուրն Աստծունն է» ժողովրդական ասացվածքը։ Անհատական հյուրընկալման դեպքում տանտերը, ընդունելով մեկ և ավելի այցելու, պարտավորված էր զգում ապահովել սննդով, իսկ նրանց կենդանիներին՝ կերով։ Ավանդական խնջույքի ընթացքում սեղանի շուրջը զբաղեցրած տեղերը և կենացների հաջորդականությունը վերստեղծել է հասարակության աստիճանակարգային կառուցվածքը, որը խնջույքի վերջում դարձել է ազատ։ Հատուկ վարքագծային իրավիճակ է ստեղծվում, երբ հացկերույթին մասնակցում են հյուրեր կամ էլ ազգականներ։ Հյուրընկալության ավանդական կարգում ընդունված էր հյուրին աղ ու հացով ընդունել, որը երկակի բնույթ ուներ։ Այն բարեսրտության և վնասազերծման հետ էր կապվում, քանի որ հացը սուրբ է, աղը՝ մաքրագործող։

 

Հայկական խոհանոց - դա խորովածն է համեմված փայտածուխի բույրով, բանջարեղենն է խորովված կրակի վրա, առանց յուղի, նրբահամ տոլման է, ախորժաբեր խաշլաման, և իհարկե, հանրահայտ հայկական լավաշը: 

 

Հայկական խոհանոցի պատմությունը 

Հայկական խոհանոցը հնագույններից մեկը Ասիայում և ամենահինն Անդրկովկասում: Սա հաստատում են հնէաբանները, պնդելով, որ հայերը  դեռ 2500 տարի  առաջ արդեն պատկերացումներ ունեին  խմորման և հացաթխման մասին: Հնագույն ժամանակներից է սկիզբ առել նաև ներկայումս այդքան տարածված խորովածը:



Հայկական խոհանոցի ճաշատեսակներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով և կծվությամբ: Որպես համեմունք օգտագործվում են պղպեղ, սխտոր, չաման և մի շարք նրբահամ կանաչեղեն: Հայերը կերակրատեսակներում օգտագործում են 300 տեսակ վայրի կանաչեղեն և ծաղիկներ`որպես համեմունք և նույնիսկ որպես հիմնական ճաշատեսակ:

Հայկական խոհանոցում հատուկ տեղ են զբաղեցնում ձկնեղենը. իշխանից, թառափից և սիգից պատրաստված ճաշատեսակները:


Առանձնահատուկ հպարտության առիթ են հանդիսանում գինու մառանները, և իհարկե, հայակական կոնյակը:Հնէաբաններին հաջողվեց Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերել  հնագույն գինեգործարան և դրանով իսկ  ապացուցել, որ հայերը զբաղվում էին գինեգործությամբ դեռ հեռավոր պղնձե դարում` ավելի քան 6000 տարի առաջ:



Ալյուրից պատրաստում են յուրահատուկ ճաշատեսակ`արիշտա, հացահատիկից` հարիսա հավի կամ գառան մսով:Լավաշից բացի, ալյուրից պատրաստում են նաև բազմաթիվ թխվածքներ, մեծ մասայականություն են վայելում գաթան և փախլավան:



Առանձնահատուկ համով առանձնանում են սուջուխը (շարոց) և ալանին: Ալանին պատրաստվում է չորացված դեղձից` լցոնված ընկույզի միջուկով և շաքարավազով:


Հայաստանը հպարտանում է նաև իր էկոլոգիապես մաքուր քաղցրահամ մրգով, ինչպիսիք են դեղձը,թուզը, նուռը և իհարկե խորհրդանիշ դարձած արևահամ ծիրանը:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները 

Հայկական խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային և բանջարեղենային ճաշատեսակներում:
Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից են կծու խորտիկներն ու սննդարար ապուրները:



Պատրաստման եղանակները

Կանաչեղենով համեմված մսից պատրաստվում է լցոնված բանջարեղեն և միրգ, լցոնում են գրեթե ամեն ինչ` սոխ, լոլիկ, սմբուկ, պղպեղ, խնձոր, սերկևիլ: Տարածված կծու և բուրումնավետ համեմունքներից են պղպեղը, համեմը, անանուխը, թարխունը, ռեհանը, ծիթրոնը և այլն, իսկ հրուշակեղեն պատրաստելիս օգտագործվում է դարչին, մեխակ, հիլ, վանիլ, զաֆրան և այլն:



Կաթնամթերքից հայկական խոհանոցը հպարտանում է մածունով` պատրաստված կովի, ոչխարի և գոմեշի կաթից:


Հայկական խոհանոցի ավանդականությունը պայմանավորված է խոհանոցային հնագույն մեթոդներով, մթերքի հումքով և համային ներդաշնակության պահպանումով:

Թոնիր և կավե ամանեղեն

Թոնիրն է հայկական հացի, մսային որոշ կերակրատեսակների ու ապուրների առանձնահատուկ որակի գաղտնիքը:
Թոնրում պատրաստում են նաև բանջարեղեն, շիլաներ, ծխեցնում ձուկ և թռչնամիս: Հայկական որոշ կերակրատեսակների անվանումները կապված են ոչ թե բաղադրամասերի, այլ ամանեղենի անունների հետ, ինչպես օրինակ` պուտուկը, կճուճը, տապակը: Սրանք բոլորը միաժամանակ կավե ամանների և ճաշատեսակների անվանումներ են:

Արցախյան խոհանոց

Արցախյան խոհանոցի արմատները գալիս են հնագույն ժամանակներից: Այն իրենից ներկայացնում է ամենատարբեր համերի ու բույրերի զարմանալի համադրություն:

Արցախյան խոհանոցն իր բազմազանությամբ, ներկայացնում է հիմնականում մսից, տեղական բանջարեղենից ու կանաչեղենից պատրաստված կերակուրներ:

Ղարաբաղյան հռչակավոր երկարակեցության գաղտնիքն էկոլոգիապես մաքուր մթերքի օգտագործման և թթի ու հոնի բացառիկ օղու չափավոր կիրառության մեջ է: Խմիչքի այդ տեսակները պարունակում են մեծ քանակությամբ բնական, կենարար եթերայուղեր:


Ժենգյալով հաց – Արցախում սա շատ տարածված և սիրված կերակուր է, որի պատրաստման երկարատև արարողությունն իրականացնում են տարիքով և փորձառու կանայք: Խմորը բացում են բարակ շերտով` թղթի հաստությամբ, լցոնում մոտ 20 տարբեր տեսակի վայրի և մշակովի մանր կտրատած կանաչեղենով և բուսայուղով: Բլիթը թխվում է տաք թավայի` սաջի վրա: Ժենգյալով հացն ուտում են հենց տաք սաջի մոտ, կարմիր գինով: Ժենգյալով հացը նախընտրելի կերակուր է հատկապես  Մեծ  Պահքի շրջանում:
Խաշ- սա ամենաավանդական ճաշատեսակներից է, պատրաստում են տղամարդիկ, տավարի ոտքերից, եփելով ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հագեցած մսաջուրը ճաշակում են սխտորով, չորացրած լավաշով և քացախով: 


Կուրկուտ - ևս մեկ ավանդական կերակուր, որի հիանալի համը ճաշակողները չեն մոռանում: Երկարատև գործընթացը սկսվում է ծեծած ցորենը թրջելով, որից հետո այն եփում են խոզի կամ հնդկահավի մսի հետ: Ճաշը եփվում է ամբողջ գիշեր:


Տոլմա - Արցախում տարածված այս կերակուրը երկու սեզոն ունի: Ամառայինն այստեղ պատրաստում են մսի ֆարշով լցոնած սմբուկով, լոլիկով, պղպեղով, իսկ ձմեռայինը` կաղամբով կամ խաղողի տերևով: Խաղողի տերևները նախապես աղով մշակվում և պահածոյացվում են: Տոլման ավանդաբար մատուցում են մածունի և սխտորի սոուսով:


Խաշլամա - ևս մեկ մսային կերակուր, որը պատրաստվում է հիմնականում տավարի կամ խոզի մսից, խաշվելով լոլիկի, պղպեղի, սոխի և գազարի հետ: Որոշ տնտեսուհիներ ավելացնում են նաև սև սալորաչիր կամ մոշ` թթվաշ համ ստանալու համար, ինչպես նաև` գինի կամ գարեջուր:Արցախյան խոհանոցը հարուստ է  նաև բանջարեղենային կերակուրներով և աղցաններով: Համեղ ճաշատեսակներ են պատրաստվում ավելուկից, փիփերթից, ձնծաղիկի սոխուկներից և այլն, որոնք նախ մշակվում են եռման ջրով, որից հետո կամ օգտագործվում են ապուրների ու աղցանների մեջ կամ պատրաստվում են ձվով ու սխտորով: Նման ուտեստները մատուցվում են կաղինով և մածունով:



Արցախյան խոհանոցը համալրվում է թոնրահացով` սա բարակ, հարթ հաց է, որը պատրաստվում է կավե թոնրում: Թոնրահացի պատրաստումն աշխատատար ծիսակատարություն է: Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Արցախում տարածված է լավաշը, որն ուտում են պանրով, մսով, կանաչեղենով ու պղպեղով:


Արցախը հռչակավոր է նաև իր գինու տեսակներով` պատրաստված Խինդողնի, Մուսկատ տեսակի խաղողից: Արցախում կարող եք ճաշակել կարմիր, սպիտակ, աղանդերային և չոր գինի: Շատ հարգի են նաև հատապտուղներից պատրաստված գինու տեսակները:


Ղարաբաղյան թթի և հոնի օղիները, 50- 70 աստիճան թնդությամբ, անփոխարինելի են սեղանին, հատկապես հյուրերի համար:


Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր

Կճուճ

Կճուճ 

Բաղադրիչներ

ոչխարի յուղոտ միս – 400 գ

կարտոֆիլ – 4 հատ

լոլիկ – 2 հատ

սոխ – 2 գլուխ

կանաչ լոբի – 100 գ

կանաչ պղպեղ – 1 հատ

սմբուկ – 1 հատ

թարմ մաղադանոս կամ համեմ

աղ, սև աղացած պղպեղ.


Պատրաստման եղանակը
Միսը կտրատել ոչ մեծ կտորների: Լոբին մաքրել, մասերի բաժանել: Պղպեղը չորս մասի բաժանել, սերմատուփը հեռացնել: Կճուճների մեջ շարել կտրատած կարտոֆիլը, օղակ-օղակ կտրատած սոխը, պղպեղի շերտերը, կտրատած լոլիկները: Սմբուկը շերտատել, շարել կճուճների եզրերով՝ մնացած բանջարեղենի կողքերով: Բանջարեղենի վրա դնել մսի կտորները, աղ, պղպեղ ցանել: Վրան եռացած ջուր լցնել այնպես, որ կճուճի պարունակությունը հազիվ ծածկվի: Ավելացնել կտրատած կանաչին ու դնել ջեռոցի մեջ: Մատուցել մեկուկես-երկու ժամ անց, հենց նույն կճուճներով: 


Լոռվա բորանի

ԼՈՌՎԱ ԲՈՐԱՆԻ

Բաղադրիչներ

գառան միս – 400 գ

նեխուր – 3 ցողուն

սմբուկ – 1 հատ

լոլիկ – 1 հատ

սոխ – 1 գլուխ

կարմիր գինի – ¾ բաժակ

բուսայուղ

աղ, պղպեղ

չորացրած լավաշ

Աշտարակ սոուս -1 թ. գդ.


Պատրաստման եղանակը

Գառան փափկամիսը համեմել աղով, պղպեղով, մարինացնել գինու մեջ մի քանի ժամ, ցանկալի է՝ ողջ գիշեր: Ապա հանել, կտրատել, տապակել բուսայուղի մեջ: Սոխը կտրատել, լցնել մսին, տապակել: Սմբուկն օղակ-օղակ կտրել, հետո օղակները չորս մաս անել, տապակել մսի և սոխի հետ: Նեխուրի տերևներն առանձնացնել, ցողունները կտրատել երկար ձողիկների, լցնել թավայի մեջ: Ավելացնել Աշտարակ սոուսը, խառնել: Աշտարակ սոուսը պատրաստելու համար ընկույզը, սխտորը ծեծել հավանգի մեջ, ավելացնել շատ մանր կտրատած սամիթ ու համեմ, բուսայուղ: Սոուսից հետո թավայի մեջ լցնել գինին, կրակը մարմանդ դարձնել և եփել 7-8 րոպե: Ապա բորանին տեղափոխել ափսեի մեջ, զարդարել չոր լավաշով և նեխուրի կտրատած տերևներով:

 

Տապակա Արմավիր


Բաղադրիչներ

ալյուր -10 գ

աղ – 4 գ

քարաուզ (նեխուր) -30 գ

համեմունք – 2 գ

կարագ – 30 գ

կանաչի – 10  գ

սմբուկ – 100 գ

լոլիկ -  100 գ

տավարի միս – 200 գ

գինի – 30 գ.
 

Պատրաստման եղանակը

Տավարի միսը լվանալ, կտրատել: Տապակել թավայի մեջ կարագով: Աղ անել, համեմել, լցնել գինին, եփել մինչև միսը պատրաստ լինի: Տապակել  սմբուկը առանձին, այնուհետև ` լոլիկը: Կանաչին թեթևակի շոգեխաշել, ավելացնել ալյուրը, բովել: Մի փոքր ջուր ավելացնել, խառնել, եփել, մինչև թանձրահյութը թթվասերի խտություն ստանա:   Մատուցվող ափսեի մեջ շարել բանջարեղենը, լցնել տապական, վրան թանձրահյութ լցնել:

Բարի ախորժակ:

 

Ղափամա

Բաղադրություն

 1 դդում (մոտ 1,5 կգ)

 1,5 բ. Բրինձ

 4 ճ.գ. կարագ

 1/4 բ. սալորի չիր

 1/4 բ. ծիրանի չիր

 1/4 բ. բալի չիր

 1/4 բ. չամիչ

 1/2 ճ.գ. դարչին

 1-2 ճ.գ. մեղր

 1/2 բ. մանրացրած ընկույզ

 Աղ

 1/4 բ. եռացրած ջուր
 

Պատրաստման եղանակ

1. Լվանալ դդումը, վերևի մասը կլոր կտրել այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի:

2. Մաքրել դդմի ներսը, հեռացնել կորիզները, ողողել և թողնել քամվի:

3. Կաթսայի մեջ 3 բաժակ ջուր եռացնել, լցնել բրինձը, մանր կրակի վրա եփել 15 ր. (բրինձը պետք է կիսաեփ լինի): Ավելացած ջուրը քամել:

4. Առանձին ամանի մեջ բրինձը խառնել կտրտած չրերի հետ, ավելացնել կարագը, աղը, դարչինը, մեղրն ու ընկույզը:

5. Խառնուրդը լցնել դդմի մեջ, ավելացնել 1/4 բ. եռացրեծ ջուր, փակել կտրած կափարիչով: Դնել նախապես տաքացրած ջեռոցը (200 աստիճան) և եփել 1,5-2 ժամ` մինչև փափկի:

 

Բոզբաշ կծու

Բոզբաշ կծու

Բաղադրություն

ոչխարի միս – 500 գ

սիսեռ – 100 գ

գլուխ սոխ – 100 գ

կարտոֆիլ – 500 գ

լոլիկ – 300 գ

կծու պղպեղ – 100 գ

կանաչի- 50 գ

յուղ – 30 գ

աղ


Պատրաստման եղանակ

Ոչխարի միսը կտրատել 60 – 70 գրամանոց կտորների: Սիսեռը նախապես թրջել: Մսի կտորները սիսեռի հետ դնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և եփել 1 -1,5 ժամ: Ավելացնել կտրատած և շոգեխաշած լոլիկները, մանրացրած սոխը, կտրատած կատրոֆիլը: Կծու պղպեղը թեթևակի տապակել, կանաչի մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ: Աղ անել, եփել ևս 20 – 30 րոպե: Ապուրի կծվությունը որոշվում է եփելու տևողությամբ: Եթե պղպեղը շատ կծու է, ապա դրանք հանում են, երբ բոզբաշն արդեն բավականաչափ կծու է: 

 

Շիրակի կոլոլակ

Շիրակի կոլոլակ

Բաղադրություն

ոչխարի միս – 500 գ.

սոխ – 4-5 հատ

ձվի դեղնուց – 3-4 հատ

ալյուր – 2 ճաշի գդ.

լոլիկ – 500 գ.

յուղ, աղ, պղպեղ


Պատրաստման եղանակ

Ոչխարի միսը մսաղացով անցկացնել, ավելացնել մանր կտրատած սոխ, ձվի դեղնուց, աղ, սև պղպեղ, խառնել: Մսի զանգվածից  գնդիկներ պատրաստել, մի փոքր երկարեցնել` տալով սիգարի ձև: Հետո մսի գնդիկները թավալել ալլյուր մեջ:  Կաթսայի մեջ տաքացնել յուղը, մի շարքով շարել մսերը, տապակել երկու կողմից: Վրան լցնել մանր կտրատած տապակած սոխ, կիսած թարմ լոլիկները, պղպեղ և եփել ջեռոցի մեջ  15 րոպե:

 

Մշոշ

Մշոշ

Բաղադրություն

կարմիր լոբի — 1 բաժակ

սոխ – 3-4 գլուխ

նուշ կամ ընկույզ – 1/2 բաժակ

չամիչ կամ ծիրանի չիր- 1/2 բաժակ

աղ, բուսայուղ


Պատրաստման եղանակ

Լոբին գիշերը թրջել: Առավոտյան եփել մեծ քանակի ջրում: Եթե կարիք լինի, սառը ջուր ավելացնել: Եփվելուց հետո տրորել, խյուսի նման դարձնել լոբին: Նուշը կամ ընկույզը եռման ջուրը լցնել, կեղևը հանել, մանրացնել: Սոխը մանրացնել, սոխեռած անել: Կարելիի է մի քիչ ալյուր բովել սոխեռածի հետ: Չամիչը կամ չիրը լվանալ, քամել, տրորել, խառնել լոբուն: Բոլորը իրար խառնել, ավելացնել լոբու եփուկից, մարմանդ կրակով եփել: Ստացվում է համեղ և հագեցնող շիլայամնան կերակուր: Զարդարել չրով, ընկույզով, մատուցել:

 

Աղցան «Արագած»

Աղցան Արագած

Բաղադրություն

շամպինիոն -4 հատ

լոլիկ չերի – 5 հատ

հազար – կես փունջ

ծնեբեկ – 4-5 ցողուն

սոյայի սոուս- 0.5 ճ. գդ.

աղ, սև պղպեղ

բուսայուղ – 2 ճ. գդ.

սալորի սոուս – 1 ճ. գդ.

համեմված չոր լավաշ

Պատրաստման եղանակ

Լոլիկներն ու սնկերը չորս մասի կտրատել: Հազարը ձեռքով պատռել, մանրացնել: Ծնեբեկը կտրատել 5-6 սանտիմետրանոց կտորների: Նախապես պատրաստել չոր լավաշն ու սալորի սոուսը: Լավաշը մանրացնել, վրան աղ, կարմիր պղպեղ, ծեծած սխտոր, սունելի և բուսայուղ լցնել, խառնել, որ համեմունքները համաչափորեն տարածվեն: Ապա փռել տապակի մեջ և չորացնել ջեռոցում շատ ցածր ջերմաստիճանի տակ: Սալորի սոուսի պտղամիսը քամիչով անցկացնել, ավելացնել մանրացրած սամիթ և սխտոր, պահեստավորել: Կտրատած բանջարեղենը խառնել, աղ և պղպեղ ցանել, կրկին խառնել: Հետո ավելացնել սալորի և սոյայի սոուսները, բուսայուղը: Կրկին խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, զարդարել չորացրած լավաշով:

 

Ավելուկով աղցան

 Ավելուկով աղցան

Բաղադրություն

չորացրած ավելուկ – 1 կապ,

սոխ – 1-2 գլուխ,

բուսայուղ,

աղ,

սխտոր – 2-3 պճեղ,

ընկույզ ըստ ճաշակի
 

Պատրաստման եղանակ

Ավելուկը թրջել, թողնել ողջ գիշեր մնա: Ջուրը փոխել, եփել, մինչև փափկի: Լցնել քամիչի մեջ, թողնել քամվի: Քամվելուց հետո կտրատել: Սոխը մաքրել, կիսալուսնաձև կտրատել, սոխեռած անել բուսայուղով: Երբ սոխը փափկի, ավելացնել մաքրած և մանրացրած սխտորը: Երբ ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել կտրատած ավելուկը: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մանրացրած ընկույզ, շատ ավելի համեղ կլինի: Եթե հարկ կա, աղ ցանել, խառնել:

 

Իշլի քյուֆթա

Բաղադրություն

տավարի ֆարշ 180 գր

սոխ 10 գր

աղ, պղպեղ

կարագ 10 գր

ալյուր  բ/ո  15 գր

ձու  1 հատ

մանրացված չորահաց 5 գր

բուսայուղ տապակելու համար


Պատրաստման եղանակ

1. Ֆարշի մեջ ավելացնել  մանր կտրատած սոխը (1,5-2մմ), աղ, պղպեղ, կարագ, այս ամենը լավ խառնել և հարեկ բլենդեռի մեջ:

2. Հետո պատրստի զանգվածից գնդեր անել, ընկղմել հարած ձվի մեջ, հետո չորահացի:

3. Շերեփի օգնությամբ գնդերը ընկղմել տաք ֆրիտյուրի  մեջ և տապակել միջին ջերմաստիճանի տակ 20 րոպե:

4. Պատրաստի իշլի քյուֆթան դնել ափսեյի մեջ, զարդարել հազարի տերևներով և կիտրոնի շերտով:

Հարիսան թոնիրում

Բաղադրություն

150 գ. ոչխարի միս

70 գ. կորկոտ

50 գ. հալած յուղ

25 գ. գլուխ սոխ

աղ, կանաչի ըստ ճաշակի:


Պատրաստման եղանակ

Յուղոտ միսը կտրել 100-150 գ-ոց կտորներով, լցնել կավե ամանի մեջ, լցնել ջուր և ամանը պինդ փակել, իջեցնել կիսահանգած ածուխներով թոնրի մեջ և թոնրի բերանը ծածկել: Երբ միսը ամբողջությամբ եփվի, ամանը հանել թոնրից, միսը անջատել ոսկորներից, նորից դնել նույն ամանի մեջ, ավելացնել նախապես թրջած կորկոտը, լցնել դաղած յուղ, աղ անել, ամանը պինդ փակել և նորից իջեցնել թոնրի մեջ: Հարիսան եփելու ընթացքում շարունակ հանել թոնրից և խառնել: Պատրաստի հարիսան լցնել ափսեի մեջ, վրան լցնել տաքացրած յուղ, տապակած սոխ և մատուցել` վրան կանաչի ցանած:

Քրչիկ

Բաղադրություն

15գ ցորենի ձավար

100գ կաղամբաթթու

20գ գլուխ սոխ  

15գ տոմատ-պյուրե

15գ հալած յուղ

80գ կարտոֆիլ

աղ, պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի:

 

Պատրաստման եղանակ

1. Պատրաստել սոխառած, ավելացնել լվացած,մզած, մանր կտրտած կաղամբաթթու և խաշել մինչև պատրաստ լինելը,պարբերաբար ավելացնելով մի քիչ ջուր: Դրանից հետո ավելացնել տոմատ-պյուրե, լավ խառնել և խաշել դարձյալ 5-7 րոպե:

2. Առանձին եփած կտրտած կարտոֆիլը և ցորենի մանր ձավարը իրենց ջրի հետ միասին լցնել խաշած բանջարեղենի վրա և եռացնել 10-15 րոպե:

3. Մատուցելիս վրան ցանել կարմիր պղպեղ և մաղադանոս:

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՏԱՊԱԿԱ

Արցախյան տապակա

Բաղադրիչներ.

Գառան միս – 300 գ

Լոլիկ – 1 հատ

Սմբուկ – 1 հատ

Կարտոֆիլ – 1 հատ

Սոխ – 1 գլուխ

Պղպեղ – 1 հատ

Չոր ռեհան, աղ

Աշտարակ սոուս

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլը օղակ-օղակ կտրատել: Սմբուկը երկար շերտերի բաժանել: Պղպեղի սերմատուփը հեռացնել, խոշոր կտրատել պտղամիսը: Տապակել նախ կարտոֆիլը, ապա սմբուկն ու պղպեղը: Շուռ տալ բանջարեղենը, աղ ցանել: Տապակված բանջարեղենը հանել, դասավորել ափսեի մեջ: Հետո տապակել միսը: Մինչ միսը տապակվում է, կտրատել սոխը: Մսի վրա չոր ռեհան և Աշտարակ սոուս լցնել: Սոխի օղակները նույնպես տապակել: Լոլիկը կիսել, կտրատել, մսի հետ տապակել: Տապակված միսը դնել բանջարեղենի կողքին, վրան դնել սոխի ու լոլիկի շերտերը:


 







  







 

 

 

 

 

 

 

 

 

 


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7