Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հայաստանի հնագույն աստղագիտությունը

Հայաստանը հնագույն գիտության և մասնավորապես` աստղագիտության, օրրաններից է. հին ժամանակներից Հայաստանում զարգացած էին Արեգակի, Լուսնի, մոլորակների, աստղերի և երկնային երևույթների մասին գիտելիքները: Հին հայերը, ինչպես և այլ քաղաքակրթությունները, նայել և հետևել են երկնային իրադարձություններին, գրառումներ կատարել խավարումների և գիսավորների մասին, ժայռապատկերների տեսքով իրենց պատկերացումները թողել հաջորդ սերունդներին, կառուցել աստղադիտարաններ, ստեղծել օրացույց: Չնայած իր փոքր տարածքին և համեմատաբար փոքր բնակչությանը, Հայաստանն աստղագիտության ոլորտում բավականին մեծ ներդրում ունի համաշխարհային ժառանգության մեջ: Հայաստանում աստղագիտությունը հայտնի է վաղ ժամանակներից. առկա են մի քանի հազար տարի առաջ արված աստղագիտական դիտումների նշաններ: Հայաստանի տարածքում իրենց հետքը թողած աստղագիտական գործունեության նշանների թվին են դասվում. ժայռապատկերները (աստղագիտական բովանդակության բազմաթիվ քարագրություններ),հնագույն աստղադիտարանների ավերակները (հատկապես հայտնի են նրանցից երկուսը` Քարահունջն ու Մեծամորը, այդ թվում Քարահունջը Սթոունհենջի հայկական նմանակն է և նույնիսկ ավելի հին է համարվում), հայկական հնագույն օրացույցը, մ.թ.ա. II-I հազարամյակներից ի վեր հայերեն լեզվում օգտագործվողաստղագիտական եզրույթները և անվանումները, միջին դարերից մնացած աստղագիտական տվյալներ պարունակող Մատենադարանում և այլ վայրերում գտնվող ձեռագրերը և աստղալից երկնքի քարտեզները, ինչպես նաև ներկայումս տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից աստղադիտարաններից մեկը`Բյուրականի աստղադիտարանն (ԲԱ) իր 2.6մ և 1մ Շմիդտի դիտակներով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Համաստեղություններ: Կարծիք կա, որ առաջին անգամ երկնքի բաժանումը համաստեղությունների կատարվել է մի քանի հազար տարի առաջ Հայկական բարձրավանդակում: Ըստ ամերիկացի աստղագետ և գիտության պատմության մասնագետ Ուիլյամ Օլքոտի, Կենդանակերպի նշանները պարունակում են այնպիսի կենդանիներ, որոնք հազարավոր տարիներ առաջ ապրել են Հայաստանում և նրա շրջակա տարածքներում (հիշենք, որ հին Հայաստանում նաև առյուծներ կային): Տրամաբանական է ենթադրել, որ հին մարդիկ համաստեղությունները կոչել են հենց այն կենդանիների անուններով, որոնք ապրել են իրենց տարածաշրջանում, ոչ թե այլ երկրներում: Ավելին, շատ համաստեղություններ ունեցել են իրենց ուրույն հայկական անվանումները, որոնք տարբերվում էին հունականներից, սակայն նրանցից շատերը իմաստով համապատասխանում են իրար: Համաստեղությունների հին հայկական անվանումների մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու և այլոց մոտ:

 

Ժայռապատկերներ: Արդի և պատմական Հայաստանի տարածքում առկա հայկական քարարվեստի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայերը հետաքրքրվում էին երկնային մարմիններով ու երևույթներով: Երկրագունդը, Արեգակը, Լուսինը, մոլորակները, գիսաստղերը, Ծիր Կաթինը, աստղերը, համաստեղությունները արտացոլված են Սևանա լճի շուրջ գտնվող լեռների, Արագածի և Հայաստանի այլ վայրերում ժայռերին պատկերված նկարներում: Այս նկարներն ու պատկերներն ուսումնասիրվում են մի շարք պատմաբանների, հնագետների և աստղագետների կողմից: Այնուամենայնիվ, բավարար պետական վերաբերմունք չի ցուցաբերվում լայնածավալ ուսումնասիրություններ կազմակերպելու կամ առնվազն փորձելու այս հնագույն գանձերը ցուցակագրելու և պահպանելու համար: Հայկական ժայռապատկերների մանրակրկիտ ուսումնասիրություններ է կատարել և կատարում պատմաբան-աստղագետ Կարեն Թոխատյանը:

        

 

Հայկական օրացույցը: Հ.Ս. Բադալյանի (1970), Բ.Ե. Թումանյանի (1985) և Գ.Հ. Բրուտյանի (1997) կողմից արված հետազոտությունների համաձայն հայկական օրացույցն աշխարհում ամենահին օրացույցներից մեկն է և միգուցե նույնիսկ ամենահինն է: Հայերն օգտագործել են լուսնային, այնուհետև լուսնա-արեգակնային օրացույց, իսկ մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերից անցել են արեգակնային օրացույցի, որը պարունակում էր 365 օր (30-ական օրից բաղկացած 12 ամիս և 5 օրից բաղկացած 1 հավելյալ ամիս): Նոր տարին սկսում էր Նավասարդին (որը համապատասխանում էր օգոստոսի 11-ին), երբ սկսվում էր խաղողի բերքահավաքը, և Օրիոն (հայերի մոտ` Հայկ) համաստեղությունը տեսանելի էր դառնում գիշերային երկնքում: Ամսանունների հետ մեկտեղ (Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց), ցանկացած ամսվա բոլոր օրերը և օրվա ժամերը նույնպես ունեին հատուկ անուններ (Արեգ, Հրանտ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր և այլ օրերը և Այգ, Ծայգ, Զայրացյալ, Ճառագայթյալ, Շառավիղյալ, Երկրատես և այլ ժամերը): Հայ հնագույն օրացույցի` Հայոց Բուն թվականի սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492թ.: Այնուհետև մ.թ. 552թ. ներմուծվեց Հայոց Մեծ թվականը (օրացույցը) և վերահաշվարկվեց հուլյան օրացույցի հետ տարբերությունը: Կա նաև Հայոց Փոքր թվական (օրացույց), որը ներմուծվել է 1084թ.: Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում: Ուշագրավ է, որ Վենետիկի Մխիթարյանները հայկական և համաշխարհային օրացույցների ամենավաղ հրատարակիչներն են (1775 թ.-ից): Հայոց տոմարը հարատևել է մինչև XX դ.: 1920-ին Հայաստանում ընդունվել է Գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923-ին:

 

Հնագույն աստղադիտարաններ: Հայաստանում ամենագրավիչ աստղագիտական պատմական կառույցը Զորաց քարերն են կամ Քարահունջը, որին երբեմն անվանում են Հայկական Սթոունհենջ: Այն մեգալիթյան համալիր է Երևանից 200 կմ, իսկ Սիսիանից 3 կմ հեռավորության վրա, գտնվում է ծովի մակարդակից 1770 մ բարձրության վրա, ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներն են հյուս. լայնության 39¢34² և արևելյան երկայնության 46¢01²: Այն բազմաթիվ քարերի համալիր է` տեղադրված շրջանի և դրանից սկսվող մի քանի թևերի տեսքով: Կարծիք կար, որ Քարահունջը նմանատիպ շատ այլ կառույցների պես կրոնական համալիր է: Այնուահանդերձ, միայն 1980-ական թթ. կեսերին Քարահունջը մեկնաբանվեց որպես հնագույն աստղագիտական հուշարձան և ուսումնասիրվեց Էլմա Պարսամյանի (1999) և Պարիս Հերունու (1998) կողմից: Քարահունջի տարիքի գնահատականները բավական տարբեր են և ընկած են 7700-ից մինչև 4000 տարի միջակայքում: Քարահունջում հաշվվում են 250 մետր երկարությամբ ձգվող 222 քարեր, այդ թվում 84-ը 4-5 սմ տրամագիծ ունեցող անցքերով են: Այստեղ կարելի է գտնել 30 աղեղնային վայրկյան ճշտությամբ տասնյակ աստղագիտական քարե գործիքներ: 40 քարեր կազմում են 45´36 մ չափով կենտրոնական էլիպսը, որի կենտրոնում կա ավերակ քարե կույտ: Դեպի հյուսիս-արևելք ձգվում է 8 մ լայնությամբ 8 քարերի մի ճանապարհ: Քարերից մի քանիսն օգտագործվել են որոշակի աստղերի ուղղությունները գտնելու համար: Ըստ որոշ գնահատականների (որոշակի աստղերի դիտումների) աստղադիտարանն օգտագործվել է մ.թ.ա. 7700-2200 թթ. ընթացքում, մոտ 5500 տարի շարունակ: Համաձայն զանազան հեղինակների (Բոչկարյով և Բոչկարյով 2005), հուշարձանի ներկայիս և հարյուր տարի առաջ եղած վիճակի համեմատությունը ցույց է տալիս, որ այն զգալիորեն քայքայվել է: Այսպիսով, Քարահունջը հրատապ պաշտպանության կարիք ունի: Հուշարձանը եզակի է իր տեսակի մեջ համենայն դեպս Անդրկովկասի շրջանում և նույնիսկ կարող է լինել աշխարհում պահպանված աստղադիտարաններից ամենահինը: Եթե Քարահունջի գնահատված տարիքը հաստատվի հնագիտական մեթոդներով, ապա այն անպայմանորեն պետք է ներառվի մեր մոլորակի ամենակարևոր մշակութային հուշարձանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

 

Մեծամորը Հայաստանի մյուս հնագույն աստղադիտարանն է: Այն գտնվել է Մեծամոր գետի մոտ հին քաղաքի սահմաններում, Երևանից 35 կմ հեռավորության վրա, ներկայիս Արմավիրի շրջանում: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակից սկսած այն բնակելի է եղել: 1960-ական թթ. կեսերին Էլմա Պարսամյանի կողմից այն առաջին անգամ մեկնաբանվել է որպես հնագույն աստղագիտական հուշարձան (1985ա): Ամրոցից դուրս աստղադիտարանն է: Աստղադիտարանի ամենահավանական տարիքը գնահատվում է մոտ 4600 տարի: Քարահունջի նման Մեծամորը նույնպես ավելի լավ ուսումնասիրության և հատուկ վերաբերմունքի կարիք ունի թե Հայաստանի կառավարության և թե աշխարհի հնագույն աստղագիտության հանրության կողմից: Հայաստանի հնագույն աստղագիտական վայրերի թվին են պատկանում նաև Անգեղակոթի դոլմենները (Պարսամյան, 1985բ): Ինչպես Քարահունջը, այս վայրը նույնպես Սիսիանի շրջանում է գտնվում, Սիսիան քաղաքից 13 կմ հեռավորության վրա: Դոլմենները նեոլիթյան (նոր քարեդարյան) և բրոնզե դարաշրջաններից են: Հայաստանում կան ևս մի քանի այլ վայրեր, որոնք առնչվում են մեր հնաբնակների աստղագիտական գործունեության հետ:

 

Աստղագիտական իրադարձությունների արձանագրություններ: Հայ պատմագրության մեջ հայտնի են հին հայերի կողմից կատարված աստղագիտական իրադարձությունների մի շարք արձանագրություններ` աստղագիտական բնույթի հիշատակություններ, ձեռագրեր, դրամներ, պատկերներ և այլն: Օրինակ, հայոց թագավոր Տիգրան II Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.) մետաղադրամների (արծաթե և պղնձաբրոնզե տետրադրախմներ և դրախմներ) վրա պարզորեն պատկերված է գիսաստղ` պոչը թագավորական խույրի վրա, ինչը կարող է առնչվել մ.թ.ա. 87թ. Հալլեյի գիսավորի անցման հետ: Նման դեպքերում աստղագիտական իրադարձությունները կարող են օգտակար լինել պատմական ժամանակագրության հարցերի պարզաբանման համար: Բացի այդ, սա կարող է լինել Հալլեյի գիսավորի շատ ավելի վաղ գրանցում, քան նախկինում հայտնի էր ժամանակագրություններից, ինչպես նաև Հալլեյի գիսավորի ամենավաղ պատկերներից մեկը:

 

Երկնային մարմինների անվանումները: Ինչպես և Հունաստանում և հին աշխարհի այլ երկրներում, հնագույն Հայաստանում էլ անզեն աչքով երևացող մոլորակներն ունեցել են իրենց անվանումները: Ներկայումս լայնորեն կիրառվում են մոլորակների հենց հունա-հռոմեական դիցաբանական անունները` Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն (հունարեն` Հերմես, Ափրոդիտե, Արես, Զևս և Քրոնոս, իսկ Ուրանը և Նեպտունն անզեն աչքով չեն երևում և հայտնաբերվել են ավելի ուշ, 18-րդ և 19-րդ դարերում): Սակայն հին Հունաստանում կիրառվել են այլ անվանումներ` Ստիլբոն, Ֆոսֆորոս, Պիրոիս, Փաետոն և Փաինոն: Հետաքրքրական է, որ հայերը հնում օգտագործել են համապատասխան իմաստով անվանումներ` Փայլածու, Արուսյան կամ Լուսաբեր, Հրատ, Լուսնթագ և Երևակ, որոնք ի դեպ ներկայումս էլ դեռ կիրառվում են: Համաստեղությունների հին հայկական անվանումներից ներկայումս պահպանվել են Հայկը (Օրիոն) և Վահագնը (Հերկուլես): Ըստ Հայկ Հարությունյանի (2003) Ծիր Կաթնի հայկական անվանումը (Հարդագողի ճանապարհ) գոյություն է մ.թ.ա. 6-րդ դարում և այնուհետև, արաբների կողմից Հայաստանի նվաճումից հետո, արաբների կողմից տարածվել է ամբողջ աշխարհում:

 

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ
 

Միջին դարերի ամենաականավոր գիտնականներից մեկը Անանիա Շիրակացին էր (612-685թթ.), ով այդ ժամանակների համար ուներ բավականին առաջադեմ աստղագիտական գաղափարներ: Նա հայ ժողովրդի պատմության մեջ ամենակարևոր գիտնականն է, քանի որ նա փիլիսոփա էր, մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ, տոմարագետ և այլն: Նա թողել է մի շարք գրքեր և գրություններ, որոնք պահպանվել են մինչ օրս: Դրանցից շատերը պահվում են մեր հին ձեռագրերի թանգարանում` Մատենադարանում: Անանիա Շիրակացին գիտեր Երկրագնդի գնդաձև տեսքի մասին, նա ընդունել է, որ Ծիր Կաթինը բաղկացած է բազմաթիվ թույլ աստղերից, կարողանում էր ճշտորեն մեկնաբանել Լուսնի և Արեգակի խավարումները և այդ ժամանակաշրջանի համար ուներ մի շարք այլ առաջադեմ աստղագիտական հայացքներ: Անանիան կազմել է ժամանակագրական աղյուսակներ, աստղագիտական դասագրքեր և այլն: Արժե նշել, որ այդ դարաշրջանում եվրոպական աստղագիտությունն անկում էր ապրել և աստղագիտական գիտելիքների պահպանման համար մեծ ջանքեր էին անհրաժեշտ: Անանիա Շիրակացու աշխատանքները հիմնական աղբյուր են հանդիսանում հին հայկական աստղագիտական եզրաբանությունը վերականգնելու գործում, այդ թվում համաստեղությունների և աստղերի անվանումները:

 

Ըստ ռուս աստղագետ Յուրի Պսկովսկու, 1054 Գերնոր աստղը առաջին անգամ տեսել և արձանագրել են Հայաստանում 1054թ. մայիսին (և միայն ավելի ուշ` հուլիսին Չինաստանում): Հետաքրքրական է, որ դրա մնացորդը` հայտնի Խեցգետնաձև միգամածությունը, մանրամասն ուսումնասիրվել է Բյուրականի աստղադիտարանում և եղել է աստղադիտարանի ուսումնասիրության ամենահայտնի օբյեկտներից մեկը: Այս միգամածությունը բնական լաբորատորիա է հանդիսացել մի շարք աստղաֆիզիկական ուսումնասիրությունների համար էլեկտրամագնիսական սպեկտրի ամենատարբեր տիրույթներում:

 

Ղուկաս Վանանդեցին (XVII-XVIII դարեր) և Մխիթար Սեբաստացին (1676-1749) ապրել և աշխատել են Եվրոպայում 17-18-րդ դարերում և հայտնի են երկնքի իրենց մանրամասն քարտեզներով: Ղուկաս Վանանդեցին պատրաստել է աստղագիտական գործիքներ, 18-րդ դարի սկզբում Ամստերդամում հրատարակել է հայկական անուններով համաստեղությունների առաջին երկնային քարտեզը: Մխիթար Սեբաստացին նույնպես աստղալից երկնքի քարտեզ է պատրաստել: Նա հիմնադրել է հայկական կաթոլիկ եկեղեցու խորհուրդը Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազարոս կղզում, որը հայտնի է հին ձեռագրերի իր թանգարանով և այսօր բազմաթիվ այցելուների համար տուրիստական վայր է հանդիսանում:

  
                Մխիթար Սեբաստացու «Աստղալից երկինքը

                                            

 Դարերի ընթացքում անկախության բացակայության պատճառով Հայաստանը միջին դարերում չի ունեցել բավականաչափ բարձրակարգ գիտություն, սակայն հետաքրքրությունը բնության և հիացմունքը երկնային մարմինների հանդեպ հայերի մեջ ապրել է վաղ ժամանակներից ի վեր, ինչն արդի հայ աստղագիտության զարգացման համար հիմք հանդիսացավ:

 

 

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Հայաստանում աստղագիտությունը վերածնվեց 1930-ական թթ., երբ Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը և ուրիշներ փոքր աստղադիտակներով սկսեցին դիտումներ կատարել և թեև ոչ մեծ նշանակության, բայց արդեն գիտական արդյունքներ ստանալ: Երևանում սկսեց գործել Երևանի աստղադիտարանը, որը մինչ օրս էլ գոյություն ունի որպես ԵՊՀ աստղադիտարան և ներկայումս կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը: Սակայն իսկական վերելք տեղի ունեցավ հենց Վիկտոր Համբարձումյանի (1908-1996) Հայաստան գալուց և 1946թ. Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումից հետո: Հենց առաջին տարիներին Համբարձումյանի և նրա աշխատակիցների կողմից տեղի ունեցան կարևոր հայտնագործություններ` աստղասփյուռները, դրանց ընդարձակման ապացույցը, գալակտիկաների ակտիվությունը և այլն: Այնուհետև գումարվեցին գերխիտ նյութի վարկածը, բռնկվող և այլ անկայուն աստղերի ուսումնասիրությունները, մի շարք Գերնորերի հայտնաբերումը, Բյուրականի առաջին (Մարգարյանի) և երկրորդ շրջահայությունները, Առաքելյանի և Ղազարյանի գալակտիկաները, Շահբազյանի գալակտիկաների կոմպակտ խմբերը, Պարսամյանի գիսավորաձև միգամածությունները, ճառագայթման տեղափոխման տեսության կարևոր աշխատանքները, Մարգարյանի գալակտիկաների ուսումնասիրությունները և այլն: Բյուրականի աստղադիտարանը հիրավի դարձավ աշխարհի կարևորագույն աստղադիտարաններից մեկը և մեր տարածաշրջանում ներկայումս էլ հանդիսանում է գլխավոր աստղագիտական կենտրոնը: Աստղագիտական ժառանգության կարևորագույն մաս է կազմում Մարգարյանի շրջահայութունը, որի լուսաթիթեղները թվայնացվել են և մտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրի մեջ: Աստղադիտարանի կարևորագույն գործիքներն են 2.6մ դասական և 1մ Շմիդտի համակարգի աստղադիտակները:

 

 

2001թ. ստեղծվել է Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), որի գլխավոր նպատակներից մեկն է Հայաստանում աստղագիտական գիտելիքների տարածումը և Հայաստանի աստղագիտական ժառանգության համակարգումն ու մասսայականացումը: 2005-ին ստեղծվել է նաև Հայկական վիրտուալ աստղադիտարան (ՀՎԱ), որը ներառում է Բյուրականում ստացված դիտողական նյութը և մտնում է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի մեջ: Հայաստանում աստղագիտությունն ակտիվ է նաև ԵՊՀ-ում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, գործում են Իսահակ Նյուտոնի անվան միջազգային ինստիտուտի և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հայկական մասնաճյուղերը: Հայաստանն անդամակցում է միջազգային աստղագիտական բոլոր կարևոր կառույցներին, իսկ հայ աստղագետներից շատերը հանդիսանում են Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրոպական (ԵԱԸ) և Եվրասիական (ԵԱԱԸ) աստղագիտական ընկերությունների անդամ: Աստղագիտական միջազգային օլիմպիադաների հենց առաջին տարիներից հայ պատանիները փայլուն հաջողությունների են հասնում` բարձր պահելով հայ աստղագիտության վարկանիշը:  Վերջին տարիներին ԲԱ աստղագետների նախաձեռնությամբ պատմա-աստղագիտական հարցերի շուրջ համագործակցություն է սկսվել ՀՀ ԳԱԱ Պատմության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, ինչպես նաև Մատենադարանի հետ: Հիմնական առիթը հանդիսացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ. հռչակված Աստղագիտության միջազգային տարվա «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» նախագիծը և 2012թ. միջնադարի մեր մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանը: Ներկայումս աշխարհում այս հարցերին մեծ նշանակություն է տրվում, գործում են մի շարք կառույցներ, որոնք նպաստում են աստղագիտական ժառանգության հավաքագրմանը, պահպանմանը և ուսումնասիրությանը: Դրանք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» ծրագիրը, ՄԱՄ-ի թիվ 41 «Աստղագիտության պատմություն» հանձնաժողովի «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» աշխատանքային խումբը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ICOMOS), Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերությունը (SEAC), գիշերային երկնքի և աստղագիտական վայրերի պահպանման «Աստղալույս» (“Starlight”) նախաձեռնությունը:

 



աղբյուր՝  asar.am

 



 


 


 


 



 



 

 


 




up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7