Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հայկական այբուբեն

Հայկական այբուբեն

Մեսրոպ Մաշտոց - Հայ դպրության հիմնադրումը

Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.:

Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին: 

Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության:

Այդ ընթացքում մտահաղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը:

Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե' արևելյան և թե' բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը:

Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում:Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:

Մաշտոց նշանակում է սրբազան, սուրբ, ծիսական, աղոթագիրք:Մաշտոցը 405 թ. ստեղծվում է հայերենի հնչյունական համակարգը — ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբրա ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։


Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։

Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…». սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն էին։

Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416—429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։

Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաղանդավորական պայքար։

Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։

439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։ Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թ․ Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։

Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան։

Մեսրոպ Մաշտոց, Հայ գրեր, Օշական

Արևելահայերեն

Արեւմտահայերէն

 


Western Armenian alphabet

 

«Ուրիշ ու˚մ կարելի է կոչել աստված կամ

մարդ աստվածային, եթե ոչ նրան, ով առաջինը գիր գտավ»:

Պլատոն

 
Հույն փիլիսոփայի այս միտքն ասես կրկնում է հայ գրերի գյուտի հեղինակ Մաշտոցի կենսագիր Կորյունն իր«Վարք Մաշտոցի» գրքում. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ` հայերեն լեզվի նշանագրեր»:
«Նոր և սքանչելի ծնունդները» 36 տառերն են, որոնք ստեղծեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցը 405թ.:
 
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
/Առակների գիրք, 1.2-9/
 
Աստվածաշունչ մատյանի Սողոմոնի առակի այս  թարգմանությունը  հայերեն այբուբենով գրված առաջին նախադասությունն է:
Հայկական միջնադարում գիրը ամենանվիրական մասունքն էր: Այն սրբացավ հենց իր ծննդի պահից: Սրբացվեց ոչ միայն գիրը, այլև այն ստեղծողները, որոնք գրին շունչ կենդանություն տվեցին` Մաշտոցը, Սահակ Պարթև կաթողիկոսը, Վռամշապուհ արքան:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին և ինքնուրույն ճյուղ է: Հինգերորդ դարի սկզբին դասական հայերենը կամ գրաբարը (բառացի նշանակում է գրի լեզու) Մերձավոր Արևելքի ու Փոքր Ասիայի առավոլ զարգացած լեզուներից մեկն էր: Գրերի գյուտից անմիջապես հետո գրաբարով են ստեղծվել հայ մատենագիրների գիտական, պատմական ու կրոնական գրքերը` Կորյունի «Վարք Մաշտոցի», Ագաթանգեղոսի «Պատմություն հայոց», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» («Աղանդների հերքումը»), Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Ղազար Փարպեցու, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու պատմագիտական երկերը:

Գրիգոր Նարեկացու (951-1003թթ.) «Մատյան ողբերգության» պոեմը  համաշխարհային գրականության գլուխգործոց է, գրավոր խոսքի և գրականության զարգացման վառ օրինակ: Հայ գրականության խորախորհուրդ մատյանը` «Նարեկը», պատմության քառուղիներում հազարամյա ճանապարհ է անցել, սակայն միջնադարի քնարերգուի մոգական, «սրտի խորքից Աստծուն ուղղված խոսքը» ամեն սերնդի համար ավելի նոր ու զորավոր է հնչում: Ինչպես Հովհաննես Թումանյանն է ասել.«Այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք»:
Տասնմեկերորդ դարից սկսած միջնադարի հայ գեղարվեստական մտքի և բանաստեղծության զարգացման ընթացքի վրա տիրականորեն իշխում է զորավոր մատյանի հեղինակ Նարեկացու հանճարը, նրա հզոր խոսքի ազդեցությունը: Եվ օրինաչափ է, որ հայրենի գրականության մեջ չկա մեկ այլ երկ, որն այդքան ընդօրինակություններ ունենա (150-ից ավելի) կամ այդքան վերահրատարակվի: «Նարեկի» գրաբար բնագիրը 7 տասնյակից ավելի հրատարակություն է ունեցել:
Իբրև աշխարհի հնագույն ու ամենահարուստ լեզուներից մեկը, սքանչելի ու ինքնատիպ հայոց լեզուն հազարամյակների ընթացքում զարգացրել ու կատարելագործել է իր քերականական համակարգը:

Հայոց լեզվի պատմական զարգացման հաջորդ փուլը միջին հայերենն է, որն ընդգրկում է 12-16դդ.: Այս շրջանի գրականության նշանավոր դեմքերից էին Գրիգոր Մագիստրոսը, Ներսես Շնորհալին, Ֆրիկը:Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացուբժշկագիտական գրքերը, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» միջին հայերենով ստեղծված ուշագրավ ստեղծագործություններ են: Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (15-րդ դար) ձևավորվում է լեզվական մի նոր որակ` նոր հայերենը կամ աշխարհաբարը: Աշխարահաբարով գրված առաջին և հայտնի երկերից է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը (19-րդ դ.):

Պատմական դեպքերի բերումով օսմանյան ու ռուսական կայսրությունների տիրապետության տակ գտնվող Հայաստանում միասնական հայերենը երկփեղկվում է և ձևավորվում են գրական լեզվի երկու տարբերակներ`արևելահայերենը և արևմտահայերենը: Այսօր էլ արևելահայերենը Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն է, իսկ արևմտահայերենը` 1915թ. Ցեղասպանությունից հետո ձևավորված Սփյուռքի գրական լեզուն:
 
«Ես հիացած եմ տառերի գեղեցկությամբ: Իրականում, հայոց տառերը գրաֆիկական արվեստ են և նրանց գրաֆիկական պատկերումը ապշեցուցիչ է: Ինչպիսի հանճարեղ ձեռքեր են դրանք ստեղծել»:
Ստեֆան Տոնտիչ, բոսնիացի գրող
 
Ինչումն է Մաշտոցի այբուբենի առավելությունն ու առանձնահատկությունը, որը 16 դար է, ինչ հայ և օտար անվանի լեզվաբանների հիացմունքն ու զարմանքն է հարուցում, թե հայոց այբուբենը գլուխգործոց է: Այբուբենը լեզվի հնչյունային համակարգն է, գիրը` նրա երկրաչափական պատկերը, իսկ տառը` գրի միավորը:
Հայկական գիրը կազմված է մեկ հնչյունին` մեկ տառ սկզբունքով: 16 դար գործածության մեջ լինելով՝ մաշտոցյան այբուբենը չնչին փոփոխություններ է կրել: Ժամանակակից հայերենն ունի 39 տառ. Մաշտոցի ստեղծած 36 տառերը 12-րդ դարում համալրվել են օ և ֆ, 20-րդ դարում` և տառերով:

Համեմատության համար ասենք, որ սլավոնական գիրը` կիրիլիցան (9-րդ դարում ստեղծել են հույն գիտնականններ Կիրիլը և Մեֆոդին), ստեղծման պահին ունեցել է 43 տառ, և ծանրաբեռնված էր 12 ավելորդ նշաններով: Մինչև ժամանակակից ռուսական այբուբենը կիրիլիցան մի քանի անգամ բարեփոխման է ենթարկվել: Իսկ մաշտոցյան այբուբենը 5-րդ դարից, երբ գրվեցին առաջին տառերը, չնչին փոփոխության է ենթարկվել, և այսօր էլ մեկ հնչյունին տրվում է մեկ տառ:
Մաշտոցը ստեղծեց մի այբուբեն, որն արտահայտում էր ամբողջ լեզվի լեզվական ատաղձը և ոչ առանձին բարբառի: Տառերի համակարգումով, կառուցվածքով, դասավորությամբ հայոց այբուբենը ինքնատիպ գրատեսակ է, չի պատճենում որևէ օտար համակարգի: Ինքնատիպությունը երևում է նաև տառերի թվային համարժեքների մեջ. տառերը դասավորված են չորս շարքով`միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և հազարավորներ: 

Միջնադարում հայոց գրերը նկարազարդել են ծաղկող- նկարիչները և զանազան խորհրդանշական պատկերներով ծաղկած հայոց տառերը դարձել են գեղեցիկի և իմաստավորի կրող ու արտահայտիչներ: Այսպես են ստեղծվելերկաթագիր, բոլորգիր, շղագիր, թռչնագիր և մյուս տառատեսակները: 
Գրերի գյուտը հայ ժողովրդի հետագա ողջ պատմության մեջ դարձավ ազգային պահպանության լծակ: Այդպես էր ոչ միայն 5-րդ դարում. 19-րդ դարում Խաչատուր Աբովյանը, դիմելով հայ նորահաս երիտասարդներին, հորդորում էր տասը լեզու սովորել, բայց հայ լեզուն  ամուր պահել. «Մեր ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը»:
40 լեզու իմացող գիտնական Պաուլ Արիստեի կարծիքով աշխարհի լավագույն լեզուն մեկն է` միշտ մայրենին:
Կենսունակ ու կատարյալ հայկական գիրը՝ հայերի մայրենի լեզուն, ներկայում գործածվում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում, Սփյուռքի հայկական գաղթօջախներում, աշխարհի հայագիտական ու մշակութային կենտրոններում:
 
«Հայրենիքը թերևս ամենից առաջ լեզուն է»:
Մարտեն Ռոժե

yerevan2012.org


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7