Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հայաստան. Հին ձեռագրեր

Հայ ժողովրդի մեծագույն հարստությունը հին ձեռագրերն են: Աշխարհում կան մոտ 30 000 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեծ մասը (մոտ 17 000) պահվում է Երևանի Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան ինստիտուտ-թանգարանում: Հայկական ձեռագրերի մյուս խոշոր պահոցներն այլ երկրներում են` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գրադարանում (մոտ 4000 ձեռագիր), Վենետիկի Սուրբ-Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության գրապահոցում (մոտ 4000 ձեռագիր) և Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` Մխիթարյան միաբանության Սուրբ Մարիամ Աստվածածնի հայկական կաթոլիկ եկեղեցուն կից գրապահոցում (մոտ 2500 ձեռագիր):



Հայկական ձեռագրերերի արվեստն ունի հնագույն ավանդույթներ, ձեռագրերն աչքի են ընկնում բարձրակարգ գեղարվեստական նշանակությամբ և յուրօրինակությամբ:
Հայկական ձեռագիր գրքերի պատմությունը սկիզբ է առել 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերն ու ձեռագիր առաջին մատյանը: Հայատառ առաջին մատյանները Աստվածաշնչի թարգմանություններն էին, իսկ հետագայում` նաև սեփական գրականությունը: Մինչև 14-րդ դարի կեսերը հայկական գրքերը գրվում էին ձեռագիր: Հետագայում ստեղծվեցին առաջին տպագիր գրքերը, և միայն 19-րդ դարում վերջնականապես ձեռագիր գրքին փոխարինեց տպագիր գիրքը:

Հեթում արքայի Ճաշոցը, 1286 թ., Սկևռա, Կիլիկիա:
Մագաղաթ: Չափը` 33,5 սմ x 24,5 սմ


Հայկական ձեռագրերը հիմնականում գրքեր են: Դրանք այդպես էլ կոչվել են` գիրք կամ մատյան: Գլանաձև փաթաթված ձեռագրեր հայերը երբեք չեն ունեցել: Մինչև 10-րդ դարը ձեռագրերը գրվել են մագաղաթի վրա, իսկ հետագայում` նաև թղթի վրա: Մագաղաթը ստանում էին հիմնականում տնային կենդանիների (հորթի և գառան) մորթուց, իսկ թուղթը ներկրվում էր: Գրքի ստեղծումը մի քանի փուլերով էր ընթանում. մագաղաթի և թանաքի պատրաստում, գրի նախապատրաստում (գեղագրություն և ուղղագրություն), նկարազարդում, փաթեթավորում, կազմում: Գիրքը ստեղծվում էր մի քանի արհեստանոցներում, մի խումբ վարպետների օգնությամբ: Կազմը պահպանում էր գիրքը վնասվելուց և դրան տալիս էր պատշաճ արտաքին տեսք: 

Հին ձեռագրեր - իմեգատուր

Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է տասնյակ հազարավոր ձեռագրեր, որոնց թվում կան պատմության և բնագիտության մասին աշխատանքներ, մշակութային, հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ:Հայոց ձեռագրերը հայ ժողովրդի պես կրել են պատմության ողբերգական իրադարձությունների ազդեցությունը: Հայերը միշտ սրբությամբ են վերաբերվել իրենց ձեռագրերին` պահպանել ու փրկել են դրանք օտար բռնակալներից, վերականգնել են վնասված գրքերը: Պատմական գրառումների մեջ ձեռագրերը միշտ ներկայացվել են իբրև կենդանի, շնչավոր էակներ: Մեզ հասել են բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես` ճակատագրական պահերին, մարդիկ կյանքի գնով փրկել են ոչ թե տասնամյակների ընթացքում կուտակած իրենց ունեցվածքը, այլ դարերի ընթացքում գրքերի մեջ բյուրեղացած ազգային հոգևոր հարստությունը` մատյաններն ու մագաղաթները: Հենց սա է հայ ժողովրդի բնորոշ հատկանիշներից մեկն ու ազգի գոյատևման հիմքը:

Ավետարան Ութ նկարիչների, Կիլիկյան Հայաստան, 13-րդ դ.:
Մագաղաթ: Չափը` 22,5 x 16,7 սմ:


Ասվածի վառ օրինակ է հայոց ամենամեծ ձեռագիր գրքի` ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԻ փրկության պատմությունը: Ձեռագիրը գրվել է 3 տարվա ընթացքում, 1200-ից 1202 թվականները` Երզնկա քաղաքի Ավագ վանքում: Գրվել է մագաղաթի վրա, ունի 604 թերթ, 128 էջ: Յուրաքանչյուր թերթը (չափերը` 55.5x70սմ) մշակվել է 1 ամսական հորթի մորթուց: Ձեռագրի քաշը 28կգ է: Այն պատվիրել է Աստվածատուր անունով մի մարդ: 1203թ. մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Աստվածատուրը սպանվում է, իսկ նրա ունեցվածքը` բռնագրավում են: Խլաթ քաղաքի թուրք դատավորը, պատճառաբանելով, թե իբր Աստվածատուրն իրեն պարտք է մնացել` վերցնում է ձեռագիրը: 1206թ. Մուշ քաղաքի Սուրբ Առաքելոց վանքի քահանաները, իմանալով, որ թուրք դատավորը վաճառքի է հանել ձեռագիրը, երկար բանակցություններից հետո (մոտ մեկ տարի), 4000 բարաթով (արծաթե մետաղադրամ) հետ են գնում են ձեռագիրը: 19-րդ դարում Սբ. Առաքելոց եկեղեցի ուխտագնացության ժամանակ Լազարյանները Սբ. Ղազար կղզուց իրենց հետ որպես մասունք վերցնում են ձեռագրի 17 թերթ:



1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ երկու հասարակ հայ կին գաղթի ճամփին գտնում են ձեռագիրը քանդված մի վանքում ու, վտանգելով իրենց սեփական կյանքը, վերցնում են ծանր ձեռագիրն իրենց հետ` փրկելու ոչնչացումից: Ձեռագիրը բաժանում են երկու մասի, որ կարողանան շալակել ու փրկել գոնե մեկ մասը, եթե իրենցից մեկը զոհվի: Երկուսն էլ ուղևորվում են Արևելյան Հայաստան: Մեկը հասնում է Սուրբ Էջմիածին և ձեռագիրը հանձնում Մայր եկեղեցուն: Երկրորդ կինը ճանապարհին զոհվում է: Մահից առաջ նա ձեռագրի իր մասը թաղում է Էրզրում քաղաքի վանքի բակում: Հետագայում ձեռագիրը գտնում է մի ռուս զինվորական, որը վերցնում է այն և տանում Թիֆլիս` նվիրում հայ համայնքին: 20-րդ դարի 20-ական թվականներին ձեռագիրը բերվում է Հայաստան: Այժմ հայոց ամենամեծ ու սրբագործված հին ձեռագրի` ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԻ երկու մասերը` միավորված պահվում և ցուցադրվում են Մատենադարանում:


1915թ. Եղեռնի ժամանակ ոչնչացված ձեռագրերի քանակությունը հայտնի չէ, քանի որ այն ժամանակ չկար տարբեր տեղերում պահվող բոլոր ձեռագրերի հաշվառման ցուցակ: Սակայն, մեզ հասած տվյալների համաձայն` դրանց թիվը հասնում է մի քանի հազարի: 

Ոչնչացված ձեռագրերի մեջ կային հազարավոր գրքեր` Աստվածաշունչ, Հին ու Նոր Կտակարաններ, ժամագրքեր, սաղմոսագրքեր, քարոզագրքեր, օրացույցեր, ծիսագրքեր, մաշտոցներ, կանոնագրքեր, նաև պատմագրական, փիլիսոփայական, աստվածաբանական բնույթի` հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադարի գործեր, որոնց հեղինակներն էին հայկական, հունական, հռոմեական, հրեա գիտնականները: Կային ձեռագրեր, որոնք պարունակում էին հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: Հայկանան ձեռագրերի ոչնչացումը մեծ հարված էր ոչ միայն հայկական, այլև ամբողջ աշխարհի մշակույթի ու գիտության համար, անդառնալի կորուստ մարդկության համար: Հայ մտավորականության ջանքերով ձեռագրերի մի մասը, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ, փրկվեց: 



Ազգային մշակույթի անհայտ պահապանների շնորհիվ հայ ազգը կարողացավ ոչ միայն արդի սերնդին մեծ ժառանգություն հասցնել, այլև դժվարին պայմաններում կարողացավ ապահովել սերունդների ու նրանց ազգային մշակույթի հարատևությունը: Հարյուրամյակների ընթացքում հայերը ստիպված են եղել ոչ միայն պաշտպանվել քոչվոր ցեղերի իրար հաջորդող հարձակումներից, այլև փրկել ազգային արժեքները` պահպանել ձեռագրերը…

Էջմիածնի Ավետարան, Նորավանք, 989 թ.:
Չափը` 33,5 x 24,5 սմ: Կազմը` քանդակազարդ փղոսկր` փակցված կաշվի վրա:


Մատենադարանը հայկական ձեռագիր մշակույթի խոշորագույն կենտրոն է: Այստեղ ի պահ են տրված 5-13-րդ դարերում ստեղծված 17 000 ձեռագիր մատյաններ, որոնցից 14 000-ը հայերեն ձեռագրեր են, իսկ 3 000-ը` օտարալեզու: Օտարալեզու ձեռագրերի մեջ մեծ թիվ են կազմում արաբական և պարսկական ձեռագրերը: Մեծ հետաքրքրություն են առաջացնում լատինական, հունական, եթովպական, հին հրեական, սիրիական, հին ռուսական և այլ ձեռագրերը: Հատկանշական է, որ միջնադարյան պահոցային փաստաթղթերի ավելի քան 100 000 միավոր կա: 



Մատենադարանի ցուցանմուշների մեջ կան հայերեն ձեռագիր մշակույթի կոթողներ` 5-6-րդ դարերի մագաղաթե ձեռագրերի պատառիկներ, 9-10-րդ և հետագա դարերի ամբողջական ձեռագրեր, քարանձավներում հայտնաբերված քարացած ձեռագրեր: Ցուցանմուշների դասավորության ժամանակագրությունն ընդգրկում է գրչության առաջացման ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարը:

Հին ձեռագրերը մեր նախնիների բարձրարժեք մշակույթի, հոգևոր հարստության, գիտության տարբեր բնագավառներում խոր գիտելիքների վառ ապացույցն են: Հին ձեռագրերի աշխարհը անվերջանալի գաղտնիքների, խորհուրդների աշխարհ է, որը դեռ բացահայտման կարիք ունի... 

Ավետարան, Հռոմկլա, 1249 թ.,
արծաթե ոսկեզօծ կազմով, տերունական և ավետարանիչների բարձրաքանդակ պատկերներով,
Կոստանդին կաթողիկոսի 1255 թ. Մակագրությամբ:

 

 

 

Աղբյուր` Welcomearmenia


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7